|
Գլխավոր |
|
|
Շիկահողի ֆաունան գտնվում է իրանական, անատոլիական, փոքրասիական և, մասամբ, միջինասիական ֆաունաների ազդեցության տակ: Այստեղ հարուստ են էնդեմիկ անողնաշարավոր տեսակները` Phytodrymadusa armeniaca, Nocarodes armenus, Dictyla subdola, Geotomus punctulatus, Amphicoma eichleri, Cantharis araxicola, Tomomyza araxana, Bombilius schelkovnikovi, Shadinia akramowskii, Gabbiella araxena, Pupilla bipapulata, Zodarion petrobium և այլն:
Միջատները ներկայացված են մոտ 1000 տեսակով 7 կարգերից, 106 ընտանիքներից և 566 ցեղերից: Դրանցից 37 տեսակը հանդիպում է միայն արգելոցում, 27-ը` հազվագյուտ, անհետացող և սահմանափակ տարածում ունեցողներն են և 4-ը` ծայրահեղ հազվագյուտ տեսակներն են:
Ծավ, Շիկահող, Մազրա գետերում և դրանց բազմաթիվ վտակներում բնակվում են 6 տեսակի ձկներ, որոնցից կարմրախայտը Salmo trutta fario ամենաարժեքավոր է:
Երկկենցաղները ներկայացված են ընդամենը 4 տեսակներով, իսկ սողունները շատ են` ներառելով մողեսների 11, օձերի 13 և կրիաների 2 տեսակներ: Հայաստանի Կարմիր գրքում գրանցված են 5 տեսակի սողուններ` միջերկրածովային կրիան Testudo graeca, երկարաոտ սցինկը Eumeces schneideri, կատվաօձը Telescopus fallax, անդրկովկասյան սահնօձը Zamenis hohenackeri և հայկական իժը Montivipera raddei: Դրանցից միջերկրածովային կրիան և հայկական իժը գրանցված են Անհետացող տեսակների միջազգային կարմիր ցուցակում (IUCN Red List of Threatened Species):
Թռչնաֆաունան ներկայացված է 141 տեսակներով, որոնք մեծ մասամբ բնակվում են անտառներում: Շատ տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում` եվրոպական տյուվիկը Accipiter brevipes , սովորական օձակերը Circaetus gallicus, քարարծիվը Aquila chrysaetos, գառնանգղը Gypaetus barbatus, սպիտակագլուխ անգղը Gyps fulvus, կանաչ մեղվակերը Merops superciliosus, կասպիական ուլարը Tetraogallus caspius, կովկասյան մարեհավը Tetrao mlokosiewiczi, սև փայտփորը Dryocopus mаrtius, կարմրագլուխ շամփրուկը Lanius senator, երգող շահրիկը Sylvia hortensis, շիկապոչ քարաթռչնիկը Oenanthe xanthoprimna, խայտաբղետ ժայռային կեռնեխը Monticola saxatilis, կապույտ ժայռային կեռնեխը Monticola solitarus, կապտափողը Luscinia svecica, սպիտակափող սոխակը Irania gutturalis, սովորական ճոճհավը Remiz pendulinus, միջերկրածովային երաշտահավը Parus lugubris, կարմրաթև պատասողը Tichodroma muraria և ժայռային վարսակուկը Emberiza buchanani. Կովկասյան մարեհավը նույնպես գրանցված է Անհետացող տեսակների միջազգային կարմիր ցուցակում:
Կաթնասունների ֆաունան իր մեջ ներառում է 1 տեսակի նապաստակ, 3 տեսակի միջատակերեր, 6 տեսակի չղջիկներ, 15 տեսակի կրծողներ, 9 տեսակի գիշատիչներ և 4 տեսակի սմբակավորներ: Սովորական են այն տեսակները, որոնք բնակվում են անտառային վայրերում և համբերատար են մարդու ներկայությանը` սպիտակափող ոզնին Erinaceus concolor, անտառային քնամուկը Dryomis nitedula, աքիսը Mustela nivalis, քարակզաքիսը Martes foina, աղվեսը Vulpes vulpes և այլն: Միևնույն ժամանակ, կան նաև անտառային այլ տեսակներ, որոնք փնտրում են մարդուց հեռու տարածքներ` փորսուղը Meles meles, գայլը Canis lupus, գորշ արջը Ursus arctos, եվրոպական անտառային կատուն Felis silvestris, եվրոպական լուսանը Lynx lynx, եվրոպական այծյամը Capreolus capreolus և վայրի խոզը Sus scrofa: Ոչ հազվադեպ, հատկապես ամռանը, դրանք մտնում են նաև ենթալպյան մարգագետիններ: Բեզոարյան այծը Capra aegagrus բնակվում է անտառային և ենթալպյան գոտիներում ցրված ուղղաձիգ ժայռոտ զանգվածներում: «Զանգեզուր» արգելավայրում փոքր քանակությամբ հանդիպում է հայկական մուֆլոնը Ovis orientalis gmelinii: Անկասկած, ամենահազվագյուտ կաթնասունն է հանդիսանում կովկասյան ընձառյուծը Panthera pardus ciscaucasica, այլ կերպ կոչված պարսկական ընձառյուծ P. p. saxicolor, որը ժամանակ առ ժամանակ գրանցվում է արգելոցի հարավային և արևմտյան սահմանների ենթալպյան գոտու ժայռոտ տարածքներում:
Կաթնասուններից Հայաստանի Կարմիր գրքում գրանցված են Նատտերերի գիշերաչղջիկը Myotis nattereri, հնդկական մացառախոզը Hystrix indica, սիրիական գորշ արջը U. a. syriacus, անտառային կատուն, կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը և բեզոարյան այծը: Ընձառյուծը, գորշ արջն, բեզոարյան այծը և հայկական մուֆլոնը գրանցված են նաև Անհետացող տեսակների միջազգային կարմիր ցուցակում: |